Հարցում. Պուտինի աշխատանքին հավանություն է տալիս ռուսաստանցիների 80 տոկոսը
ՄիջազգայինՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությանը հավանություն է տալիս ռուսաստանցիների 82,1 տոկոսը, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի աշխատանքին՝ 52,8 տոկոսը: Այս մասին են վկայում Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնի հարցման արդյունքները:
Պուտինի աշխատանքին հավանություն չի տալիս հարցվածների 12,3 տոկոսը, Մեդվեդեւի գործունեությանը՝ 34,3 տոկոսը: Հարցվածների ավելի քան կեսը (55,8 տոկոս) աջակցում է կառավարության աշխատանքին, մեկ երրորդը (32 տոկոս) չի աջակցում:
Հարցման համաձայն՝ քաղաքական գործիչը, ում առավել մեծ թվով ռուսաստանցիներ են վստահում, Պուտինն է (49,2 տոկոս): Այս վարկանիշում հաջորդը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն է (15,6 տոկոս), Մեդվեդեւը (15,5 տոկոս), ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը (12,5 տոկոս) եւ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին (12,5 տոկոս): Հետազոտությամբ պարզվել է, որ Ժիրինովսկուն չի վստահում հարցվածների 26,2 տոկոսը, Մեդվեդեւին՝ 15,6 տոկոսը, Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովին՝ 12,4 տոկոսը:
Եթե Պետական դումայի ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, «Եդինայա Ռոսիա» կուսակցության օգտին կքվեարկեր ռուսաստանցիների 49,3 տոկոսը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օգտին՝ 12,1 տոկոսը, Կոմունիստական կուսակցության՝ 10,5 տոկոսը, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության՝ 5 տոկոսը, արտախորհրդարանական կուսակցությունների օգտին՝ 5,5 տոկոսը: Հետազոտության մասնակիցներից 11,1 տոկոսը նշել է, որ ընտրություններին չէր մասնակվի:
Հետազոտությունը ապրիլի 30-ից մայիսի 7-ի միջակայքում անցկացվել է ՌԴ առնվազն 80 շրջաններում 600 մարդու ամենօրյա հարցման ճանապարհով: Առավելագույն սխալը 0,95 հավանականությամբ 4,5 տոկոսը չի գերազանցել: