Ժնեւում Սիրիայի շուրջ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մայիսի 16-19-ին. դե Միստուրա
ՄիջազգայինԺնեւում միջսիրիական բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մայիսի 16-19-ին եւ ավելի շատ կնմանվի բիզնես հանդիպումների։ Դրա հակիրճությունը բացատրվում է «Աստանայի» հաջողություններն ամրապնդելու անհրաժեշտությամբ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ի՝ Սիրիայի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք միջսիրիական բանակցությունների նոր փուլ ենք պատրաստում հաջորդ շաբաթ։ Այն կմեկնարկի մայիսի 16-ին, եւ մենք նպատակ ունենք այն ավարտել մայիսի 19-ին։ Դրանք կլինեն հարաբերականորեն կարճ (քննարկումներ), ավելի շատ նման բիզնես հանդիպումների», -ասել է նա։
Դե Միստուրայի խոսքով՝ դրա համար մի քանի պատճառ կա։ «Առաջին, Աստանայում հանդիպումից հետո պայմանավորվածություններ են ի հայտ եկել, որոնք մենք բացառապես պոտենցիալ խոստումնալից ենք համարում։ Եւ մենք ցանկանում ենք հնարավորինս ավելի արագ այդ արդյունքները կապել քաղաքական հորիզոնի հետ»,-ասել է նա։
Սիրիայի շուրջ բարձրագույն մակարդակի միջազգային հանդիպումների 4 փուլերը տեղի են ունեցել Աստանայում՝ հունվարի 23-24-ին, փետրվարի 15-16-ին, մարտի 14-15-ին եւ մայիսի 3-4-ին։