Հյուսիսային Կովկասում հինգ տարվա ընթացքում 300 ահաբեկչություն է կանխվել
ՄիջազգայինՎերջին հինգ տարիների ընթացքում Հյուիսային Կովկասում ռուսական հատուկ ծառայությունները և իրավապահ մարմինները կանխել են ահաբեկչական բնույթի ավելի քան 300 հանցագործություն: Այդ մասին հայտնել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Ալեքսեյ Պավլովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անվտանգության և իրավապահ մարմինների կողմից ճիշտ ժամանակին ձեռնարկված միջոցներով կանխվել է ահաբեկչական ուղղվածության ավելի քան 300 հանցագործություն»,- ասել է Պավլովը հունիսին ՌԴ անվտանգության խորհրդի 25-ամյակին նվիրված հարցազրույցում:
«2012-ից 2016 թվականներին հատուկ միջոցառումների և հակաահաբեկչական գործողությունների անցկացման ընթացքում Հյուսիսային Կովկասում զինված դիմադրություն ցուցաբերելիս ոչնչացվել է ավելի քան 1200 հանցավոր խմբի անդամ, որոնցից 201-ը եղել է խմբի ղեկավար: Ձերբակալվել է հանցավոր ընդհատակից ավելի քան 3600 անդամ, հակաիրավական գործունեությունից հրաժարվելու է դրդվել 304 գրոհային և նրանց աջակից»,- նշել է Պավլովը:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամանակ առգրավվել է ավելի քան 1,5 հազար ինքնաշեն պայթուցիկ սարք, 6,3 հազար միավոր հրազենային զենք և մոտ վեց տոննա պայթուցիկ նյութ: