Դանիայում հրեաներին սպանելու իմամի կոչը վրդովմունքի պատճառ է դարձել
ՄիջազգայինԴանիայում հրապարակված տեսագրությունում, որտեղ մայրաքաղաք Կոպենհագենի մզկիթներից մեկում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ իմամը հրեաներին սպանելու կոչեր է հնչեցրել, երկրում վրդովմունքի պատճառ է դարձել, հաղորդում է BBC-ն։
Իմամ Մունդհիր Աբդալլահի դեմ մի քանի բողոք է ներկայացվել ոստիկանություն, երբ համացանցում հրապարակվել է տեսագրությունը, որտեղ նա արաբերեն մեջբերում է հադիսը կամ Մոհամեդ մարգարեի պատվիրանը, որը հակասեմիտական է համարվում։
Պատգամում ասվում է, որ Դատաստանի օրը չի գա այնքան ժամանակ, քանի դեռ «մուսուլմանները հերաների հետ մարտի մեջ չեն մտնի եւ նրանց չեն սպանի»։
Այդ քարոզի տեսագրությունները Էլ Ֆարուկ մզկիթը հրապարակել է YouTube-ում եւ Facebook-ում կիրակի օրը՝ չնայած, ըստ որոշ հաղորդագրությունների, Աբդալլահի քարոզը հնչել է մարտի 31-ին։
Տեսագրությունում Աբդալլահը կանգնած է «Շահադա» մակագրությամբ սեւ դրոշի առջեւ՝ նման ծայրահեղական խմբավորումների օգտագործած դրոշներին։
Քարոզի ընթացքում իմամը հայտարարել է, որ շուտով կիշխի «խալիֆայությունը»՝ շարիաթի օրենքներով կառավարվող պետություն, որը սրբազան պատերազմ կվարի (կամ ջիհադ)՝ ամբողջ աշխարհի մուսուլմաններին միավորելու եւ Երուսաղեմի Էլ Ակսա մզկիթն ազատագրելու նպատակով։ Իմամի խոսքով՝ միայն այդ ժամանակ Մոհամեդ մարգարեի խոսքերն իրականություն կդառնան։ Որպես ապացույց՝ իմամը մեջբերում է վերոնշյալ աղմկահարույց պատվիրանը։