Փհենյանը Վաշինգտոնին «աղետալի հետեւանքներով» է սպառնում
Միջազգային«Պետական ահաբեկչության» քաղաքականությունը, որն ԱՄՆ-ն վարում է Հյուսիսային Կորեայի նկատմամբ, Վաշինգտոնի «աղետալի հետեւանքներ» կունենա: Այս մասին հաղորդել է Հյուսիսային Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Ըստ ՏԱՍՍ-ի՝ Փհենյանը կտրուկ քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը: Այստեղ կարծում են, որ Սպիտակ տունը նպատակ ունի «առավելագույնս ուժեղացնել Փհենյանի նկատմամբ քաղաքական, տնտեսական եւ ռազմական ճնշումները՝ հասնելով Հյուսիսային Կորեայի ռեժիմի փոփոխության»:
Նշվում է, որ Հյուսիսային Կորեայում վրդովմունքի ալիք է առաջացրել ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հատուկ ծառայությունների՝ վերջերս անցկացրած գաղտնի գործողությունը, որն ուղղված է երկրի բարձրագույն ղեկավարության դեմ: Պետական անվտանգության նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ «հանցավոր գործողությունը» հաջողվել է ձախողել:
«Սպիտակ տանը պետք է գնահատեն պետական ահաբեկչության քաղաքականության բոլոր դրական եւ բացասական կողմերը, որը կարող է հանգեցնել աղետալի հետեւանքների, եւ վերանայեն թշնամական գործունեությունը»,- նշել են Փհենյանում: