Պուտին. ԵՏՄ հետ համագործակցությամբ շահագրգռված են Եվրոպայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի մոտ 50 երկրներ
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական միության հետ համագործակցության հանդեպ շահագրգռվածություն են հանդես բերում Եվրոպայի, Ասիայի եւ Լատինական Ամերիկայի մոտ 50 երկրներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովի երկրորդ օրը կայացած «կլոր սեղանի» նիստի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ բանակցություններ են վարվում ԵՏՄ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական, Իսրայելի հետ ազատ առեւտրի համաձայնագրի շուրջ, պայմանավորվածություն կա Եգիպտոսի, Իրանի, Սերբիայի եւ Սինգապուրի հետ խորհրդատվություններ սկսելու մասին:
«Մենք ընդհանուր առմամբ խոսում ենք, այսպես կոչված, Եվրասիական մեծ գործընկերության մասին: Խոսքը բազմակողմանի կոոպերացիայի մասին է ԵՏՄ երկրների մասնակցությամբ, Համագործակցության Շանհայյան կազմակերպության եւ Հարավարեւելյան Ասիայի երկրների ասոցիացիայի մասին»,- նշել է Պուտինը՝ ընդգծելով, որ նման գործընկերության կառուցումը երկարատեւ եւ քրտնաջան գործընթաց է, որն ինտեգրման տարբեր խորություն, արագություն եւ մակարդակ է ենթադրում, սակայն նման աշխատանք կատարելը շատ կարեւոր է, քանի որ վերջնարդյունքում այն թույլ կտա միասնական տնտեսական տարածք ստեղծել Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկանոս: