ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն Ազատության հարթակից ելույթ ունենալու ժամանակ հայտարարեց, որ եկել է հստակ ժամանակը գործնական քայլեր անելու,- այս մասին հայտնում է ORER.am-ը:Նրա խոսքով՝ Ազատության հրապարակում կանգնած ազատատենչ հայ ժողովուրդը հայտ է ներկայացնում ամբողջ աշխարհին ու ՀՀ իշխանություններին, որ այսուհետ իշխանության է գալիս ժողովուրդը. «Այստեղ կանգնած հայն իրականացնում է ՀՀ սահմանադրությամբ սահմանված կետը, այն է՝ ՀՀ իշխանությունը պատկանում է ժողովրդին»:Այնուհետև խոսքն ուղղելով Հայաստանում գործող արտաքին քաղաքական գերատեսչություններին ու միջազգային կազմակերպություններին՝ ասաց. «Ձեզնից ակնկալում ենք ճշգրիտ տվյալներ հաղորդել Հայաստանում կատարվող քաղաքական իրադարձությունների վերաբերյալ: Դիմում եմ մտավորականներին, ուսանողներին, գիտնականներին: Մի վախեցեք, թողեք ձեր պարգևներն ու եկեք Ազատության հրապարակ: Ձեր կոչումները ժողովուրդն է տալու: Եկեք այստեղ, այստեղ է հայ ժողովրդի ըմբոստ ու պատմություն կերտող մասը: Այսուհետ իմ հավատը, իմ եկեղեցին այս ժողովուրդն է ու այս հրապարակը»: