Սեյրան Սարոյանն ափսոսում է, որ չի տեսնում Սեյրան Օհանյանին քաղաքական դաշտում
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում գեներալներ Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը, խոսելով սահմանային վերջին լարումներից, պատասխանելով Orer.am-ի հարցին, թե արդյոք սահմանային նման լարված վիճակում ճիշտ է շարունակել եռակողմ հանդիպումների ֆորմատը, Մ. Գրիգորյանը պատասխանեց. «Սահմանին էտ ե՞րբ է խաղաղ եղել, որ մենք համարժեք պատասխան ենք տալիս մի բան էլ ավել»:
Ս. Սարոյանն էլ ասաց, որ հակառակորդին լռեցնելու միակ ձեւը ուժեղ լինելն է. «Ասել եմ ու ասելու եմ՝ մենք պետք է ուժեղ լինենք, որ թուրքը սսկվի, իսկ մենք ուժեղ ենք»:
Պատասխանելով նաեւ այն հարցին, թե շփվում է գեներալը պաշտպանության նախկին նախարարի հետ, «Այո՛, շփվում եմ նրա հետ: Ոչ մի բան չի փոխվել, պարզապես ամեն մարդ իր գաղափարն ունի»,-ասաց նա՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե արդյոք գեներալը չի ափսոսում, որ Սեյրան Օհանյանին չի տեսնում քաղաքական դաշտում. «Շատ եմ ափսոսում»:
Ինչ վերաբերում է պաշտպանության գործող նախարարի աշխատանքին, ապա Ս. Սարոյանն այն գնահատեց դրական. «Լավ ծրագրեր է անում, ամեն ինչ նոր է սկսում, համբերեք»,-ասաց նա՝ անկեղծանալով, որ թեեւ Վիգեն Սարգսյանը չունի համապատասխան փորձ ոլորտում, այնուամենայնիվ, նա մեծին լսող է. «Բա մենք ինչի՞ համար ենք, կօգնենք...այո՛, նա մեծի խորհուրդ լսող է»:
Սոսե Չանդոյան