Թրամփը եւ Սաուդյան Արաբիայի թագավորը պարել են ավանդական սրերով արդա պարը
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդը Էր Ռիյադ Թրամփի այցին նվիրված պաշտոնական արարողության ժամանակ պարել են ավանդական սրերով արդա պարը, փոխանցում է Lenta-ն:
Արդան սկսվում է թմբուկների զարկերի ներքո կրկնվող բանաստեղծական տողով: Այնուհետեւ պարողները օդ են պարզում սրերը՝ արտահայտելով իրենց ուրախությունն ու հպարտությունը: Պարը հաճախ զուգորդվում է ռազմական ձեռքբերումներին, սակայն մեր օրերում հաճախ կատարվում է տարբեր պաշտոնական միջոցառումների ժամանակ:
ԱՄՆ նախագահը Սաուդյան Արաբիա է ժամանել մայիսի 20-ին. սա նրա առաջին արտասահմանյան այցն է: Սաուդյան թագավորը Սպիտակ տան տիրոջն ընդունել է Ritz-Carlton հյուրանոցում: Թրամփի հետ Սաուդյան Արաբիա են մեկնել նաեւ կինը՝ Մելանյան, դուստրը՝ Իվանկան, եւ նրա ամուսինը՝ Ջարեդ Քուշները: Նշվում է, որ պաշտոնական անձանց հետ հանդիպմանը Մելանյան առանց հիջաբի է ներկայացել, որը մուսուլմանական երկրներում պարտադիր է համարվում: Իվանկա Թրամփը եւս քաղաքական գործիչների հետ հանդիպմանն առանց գլխաշորի է եղել: