ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում Մանչեսթերի ահաբեկչության մասին գաղտնի տվյալների արտահոսքի համար. Թիլերսոն
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դատապարտել է ԶԼՄ-ներում Մանչեսթերի ահաբեկչության հետաքննության մասին գաղտնի տվյալների արտահոսքը և հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրում տեղի ունեցածի համար, հայտնում է Reuters գործակալությունը:
«Մենք լիովին ստանձնում ենք դրա պատասխանատվությունը, և իհարկե ցավում ենք տեղի ունեցածի համար»,- հայտարարել է Թիլերսոնը: Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև անվտանգության ոլորտում սերտ համագործակցությունը չի տուժի տեղի ունեցածի պատճառով:
Ավելի վաղ հաղորդվել է, որ բրիտանական հատուկ ծառայությունները դադարել են ԱՄՆ-ի հետ կիսվել Մանչեսթերի ահաբեկչության մասին տեղեկատվությամբ, երբ տեղի է ունեցել ամերիկյան մամուլում ահաբեկչության մասին գաղտնի տեղեկատվության արտահոսք: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ հայտարարել է, որ Արդարադատության նախարարությունից պահանջել է հետաքննել արտահոսքերը և պատժել մեղավորներին:
Ավելի ուշ Սքոթլանդ-Յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հայտարարել է, որ Բրիտանիան վերսկսել է ԱՄՆ-ի հետ Մանչեսթերում ահաբեկչության հետաքննության վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանակումը՝ ստանալով գործընկերներից նոր երաշխիքներ:
Մեծ Բրիտանիայի ներքին գործերի ղեկավար Ամբեր Ռադն իր վրդովմունքն էր հայտնել ԶԼՄ-ներում ահաբեկչության հետաքննության վերաբերյալ գաղտնի տեղեկատվության հայտնվելու առնչությամբ: Վարչապետ Թերեզա Մեյը խոստացել էր այդ առնչությամբ Լոնդոնի դիրքորոշումը փոխանցել Թրամփին:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ի երեկոյան «Մանչեսթեր Արենա» համալիրում, որտեղ անցնում էր ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգը, խոշոր ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել 59 մարդ։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։