Սահմանադրագետը կարևորում է ճիշտ ու սահուն անցումը կառավարման խորհրդարանական համակարգին
ՔաղաքականՍահմանադրականիրավունքի մասնագետ Վարդան Այվազյանը Հայաստանի կողմից կառավարման խորհրդարանական համակարգին անցումը շատ լուրջ մարտահրավեր է համարում պետության և հասարակության համար: Մայիսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը սահմանադրական իրավունքի մասնագետն ընդգծեց, որ Հայաստանը ԱՊՀ տարածքի պետություններից առաջինն է, որ անցում է կատարում կառավարման խորհրդարանական մոդելին:
«Այս պարագայում, ինչպես ԱՊՀ մյուս պետությունները, այնպես էլ միջազգային ողջ հանրությունը ուշի ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, ուստի սա շատ լուրջ մարտահրավեր և պատասխանատվություն է մեզ համար»,- նշեց սահմանադրագետը:
Նրա գնահատմամբ` ներկայում գլոբալ առումով կառավարման համակարգի ճգնաժամ է նկատվում ողջ աշխարհում, իսկ կառավարման մոդելի փոփոխությունն այդ պայմաններում ենթադրում է ժողովրդավարության մակարդակի բարձրացման շարունակական գործընթաց:
«Այս պայմաններում այդ գործընթացը կանգնեցնելն անթույլատրելի է: Անցումը պետք է սահուն լինի, գրագետ և ճիշտ, և արդյունքը՝ տեսանելի բոլորի համար: Եթե այս ամենը չապահովվի, մեր երկիրը կարող է կորցնել իր հեղինակությունը միջազգային հանրության աչքում: Սա շատ լուրջ պատասխանատվություն է»,- ընդգծեց Վարդան Այվազյանը:
Սահմանադրագետի խոսքով` կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանական մոդելին սահուն ու ճիշտ անցում կատարելու հարցում լուրջ պարտականություն ունեն ինչպես պետությունը, այնպես էլ հասարակությունը: Սահմանադրական իրավունքի մասնագետի խոսքով՝ ժողովրդի թիվ մեկ պարտականությունն է գիտակցական մակարդակով հասկանալ, թե ինչ բան է իշխանությունը:
«Եթե ժողովուրդը հասկանա, թե ինչ է իշխանությունը, որոնք են նրա պարտականությունները, անընդհատ իշխանությունից պահանջելու է, որպեսզի նա կատարի իր գործառույթները»,- եզրափակեց Այվազյանը :