Թբիլիսիում ադրբեջանցի լրագրող է «անհետացել»
ՄիջազգայինԹբիլիսիում «անհետացել է» ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարլին: Նրա կնոջ՝ Լեյլա Մուստաֆաևայի խոսքերով՝ նա չի պատասխանում հեռախոսազանգերին, հայտնում է meydan.tv-ն: Լեյլա Մուստաֆաևան արդեն դիմել է Վրաստանի ոստիկանություն: Լրագրողի մտերիմները մտավախություն ունեն, որ հնարավոր է՝ Մուխտարլիին ձերբակալել են ադրբեջանական իշխանությունները:
Մուխտարլին հայտնի է ադրբեջանական իշխանությունների քաղաքականության նկատմամբ իր քննադատությամբ: Նա 2015 թվականից ի վեր ստիպված ապրել է Թբիլիսիում:
Նախօրեին՝ ադրբեջանական իշխանությունների հսկողության տակ գտնվող կայքերից մեկում հայտնվել է մեծ հոդված Թբիլիսիում գործող ադրբեջանցի ընդդիմադիրների «ընդհատակի» մասին: Ակտիվիստների թվում նշվում են նաև հայտնի վիրաբույժ Ֆարման Ջեյրանովի, Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության նախագահի տեղակալ Գեզալ Վայրամլիի, լրագրող Աֆգան Մուխտարլիի անունները: Ջեյրանովը և Բայրամլին օրերս ձերբակալվել են:
![]()