«Լրագրողներ առանց սահմանների»-ն Մուխտարլիի գործով բացատրություն է պահանջել Վրաստանի իշխանություններից
ՄիջազգայինՄիջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին՝ բացատրել, թե ինչպես է 2015 թվականից Վրաստանում բնակվող ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլին առևանգվել ու փոխանցվել Ադրբեջանին:
«Վրաստանի իշխանությունները պետք է անմիջապես բացատրեն, թե ինչ է տեղի ունեցել Աֆղան Մուխտարլիի հետ, ինչպես նաև ապահովեն Վրաստանում գտնվող ադրբեջանցի այլախոհների անվտանգության երաշխիքները»,- ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:
Կազմակերպությունն ընդգծել է, որ անկախ այն հանգամանքից, թե ով է առևանգել լրագրողին՝ ադրբեջանցի ոստիկանները, թե Վրաստանի ուժայինները, կատարվածը շատ լուրջ միջադեպ է, որը չի մնա անհետևանք: «Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Աֆղան Մուխտարլիին, ով բռնության ու դաժան վերաբերմունքի է արժանացել: Անկախ լրագրողների նկատմամբ հորինված մեղադրանքներն Ադրբեջանում ստանդարտ գործելաոճ են դարձել: Երկրի իշխող ռեժիմը ևս մեկ անգամ ցույց է տվել, որ կարող է խնդիրներ առաջացնել նաև երկրի սահմաններից դուրս: Եկել է ժամանակը պատասխան տալ այս ամենի համար»,- նշել են կազմակերպությունից: