Մալթայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի մասին
ՄիջազգայինՄալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մասին: Նա անցած ամիս հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին իր ընտանիքի և գործընկերների հասցեին հնչած կոռուպցիայի մեջ մեղադրանքներից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մուսկատը հայտարարել է իր աջակիցներին, որ մարդիկ քվեարկել են իր տնտեսական քաղաքականության շարունակության օգտին: Ազգայնական կուսակցությունից նրա մրցակից Սայմոն Բուսուտիլն արդեն ընդունել է պարտությունը: Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ մեղադրանքներ էին հնչում այն մասին, որ Ջոզեֆ Մուսկատի կինը կապված է Պանամայում գտնվող օֆշորային ընկերության հետ, որը գումարներ էր ստանում Ադրբեջանի իշխող ընտանիքի կողմից: Մուսկատը և նրա կինը հերքում են մեղադրանքները: