Եգիպտոսի իշխանությունները Քաթարի դեսպանին 48 ժամ են տվել երկրից հեռանալու համար
ՄիջազգայինԵգիպտոսը Քաթարի դեսպանին նոտա է հանձնել, որով նրան հանձնարարվում է 48 ժամվա ընթացքում հեռանալ երկրից: Այդ մասին ասված է Եգիպտոսի ԱԳՆ-ի հայտարարությունում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Քաթարի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ, որտեղ նրան տեղեկացրել են դիվանագիտական հարաբերությունները խզելու որոշման մասին: Նրան հատկացվել է 48 ժամ երկրից հեռանալու համար»,- ասված է հաղորդագրությունում:
ԱԳՆ-ում նաև նշել են, որ Դոհայում Եգիպտոսի հավատարմատարը նույնպես Եգիպտոսի իշխանություններից հանձնարարական է ստացել 48 ժամվա ընթացքում վերադառնալ հայրենիք:
Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն երկուշաբթի առավոտյան հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու, դիվանագետներին և հասարակ քաղաքացիներին արտաքսելու, այդ երկրի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների աջակցության և այդ արաբական պետություններում ներքին իրավիճակի ապակայունացման համար: Նրանց հետևել են նաև այլ երկրներ, մասնավորապես՝ Լիբիան, Եմենը և Մալդիվները: