Թուրքական դատարանը 25 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր պատգամավորին
ՄիջազգայինԹուրքական դատարանն ընդդիմադիր պատգամավորին 25 տարվա ազատազրկման է դատապարտել լրտեսության մեղադրանքով:
Ինչպես հայտնում է Financial Times-ը, երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը հանդիսացող Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուն մեղադրվել է 2015-ին հատուկ ծառայությունների տեսանյութերը հրապարակելու մեջ, որոնցում պատկերվում էր Սիրիա ուղարկվող զենքը:
Ինչպես ընդգծում է աղբյուրը, այս գործը երկու տարի հանգիստ չէր տալիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրք պաշտոնյաների խոսքով` տեսանյութերն իրական էին, սակայն պատկերվել և տարածվել էին իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մարդկանց ձեռքով, որին Էրդողանը մեղադրում է անցյալ տարվա հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Էրդողանը տեսանյութերի հրապարակումը որակել է որպես պետական գաղտնիքի բացահայտում:
Նա սպառնացել է նաև տեսանյութը հրապարակած «Ջումհյուրիեթ» ընդդիմադիր թերթի խմբագիր Ջան Դյունդարին` նշելով, որ նա «բարձր գին է վճարելու»: Վերջինիս ևս դատապարտել են 5 տարվա ազատազրկման: