«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է արել Թուրքիային ազատ արձակել Բերբերօղլուին
Միջազգային«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում ընդդիմադիր Ժողովրդական հանրապետական կուսակցության պատգամավոր Էնիս Բերբերօղլուին 25 տարվա ազատազրկման դատապարտելու որոշման առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:
«Թուրքական դատարանն այս որոշմամբ ևս մեկ անգամ ի ցույց դրեց մամուլի ազատության նկատմամբ իր նվաստացնող դիրքորոշումը: Նման երկար ժամանակահատվածով բանտարկումը միայն մեկ նպատակի է ծառայում. այն է՝ վախեցնել լրագրողներին ու նրանց պոտենցիալ լրատվական աղբյուրներին»,- հայտարարել է կազմակերպության Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստիան Մեհրը: Նա կոչ է արել անհապաղ չեղյալ համարել պատգամավորի դեմ կայացված որոշումը:
Էնիս Բերբերօղլուի դեմ դատական գործ էր հարուցվել «պետական գաղտնիք համարվող տեղեկությունները և փաստերը ռազմական ու քաղաքական լրտեսության նպատակով տարածելու» և «գյուլենականների խմբավորմանը գիտակցաբար և ցանկանալով օգնելու» մեղադրանքներով: Նշվում է, որ հենց նա էր տվյալներ տրամադրել «Ջումհուրիեթ»-ի նախկին գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին բեռնատարների վերաբերյալ:
Բերբերօղլուն այն 130 պատգամավորների շարքում էր, ում անձեռնմխելիությունը 2016 թվականին հանվել էր: 2017թ. Հունիսի 14-ին նա դատապարտվել է 25 տարվա ազատազրկման ու կալանավորվել միանգամից դատարանի դահլիճում:
Cumhurriyet թերթի լրագրողները, այդ թվում և գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը ձերբակալել էին դեռևս 2015 թվականի նոյեմբերին նրա համար, որ վերջիններս հրապարակել էին աղմկահարույց մի հոդված այն մասին, թե ինչպես է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը բեռնատարներով զենք մատակարարում Սիրիայում գործող «Իսլամական պետություն»խմբավորման ահաբեկիչներին:
Դատարանը լրագրողներին մեղադրել էր պետական գաղտնիքներ հրապարակելու, լրտեսության և ահաբեկչական գաղտնի կառույցի անդամակցելու մեջ: