Մոսկվայում մայիսի 29-ի ավերիչ փոթորկի զոհերի թիվը հասել է 17-ի. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՄոսկովյան հիվանդանոցներից մեկում մահացել է մայիսի 29-ի ավերիչ փոթորկի հետևանքով տուժածներից մեկը։ Այդ մասին հայտնում է moslenta.ru-ն՝ արտակարգ իրավիճակների ծառայություններում աղբյուրի հղումով։
Տղամարդը գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Այսպիսով՝ Մոսկվայի մարզում փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի։ Հաղորդվում է, որ դեռ 8 մարդ շարունակում է մնալ հիվանդանոցներում՝ 3 տղամարդ, 4 կին և 3-ամյա երեխա։
Մոսկվայի քաղաքապետի մամուլի քարտուղարն ավելի վաղ հաղորդել էր, որ տարերային աղետի հետևանքով տապալվել է մոտ 3.500 ծառ: Բացի այդ, փոթորիկը վնասել է ավտոմեքենաները, էլեկտրափոխանցման լարերն ու երկաթուղային ճանապարհները:
Նշվում է, որ փոթորկի հետևանքների վերացման գործում ներգրավվել է կոմունալ ծառայությունների ավելի քան 35.000 աշխատող, ինչպես նաև ավելի քան 4.500 միավոր տեխնիկա: