Շտուտգարտի օդանավակայանում երկու տղամարդ է ձերբակալվել՝ ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով
ՄիջազգայինԳերմանիայի Շտուտգարտ քաղաքում ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել՝ տեղի օդանավակայանից Բուլղարիա ուղևորվող ինքնաթիռում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով. հայտնում է Ztuttgarter Zeitung-ը՝ վկայակոչելով իրավապահներին:
Դեռևս պարզ չէ՝ արդյոք խոսքն ահաբեկչական հարձակմա՞ն, թե՞ անհաջող կատակի մասին է: Ձերբակալվածների տարիքի և ազգության մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Թերթի տեղեկություններով՝ Bulgaria Air ավիաընկերության ինքնաթիռի ուղևորները տարհանվել են, իսկ ինքնաթիռում շների օգնությամբ խուզարկություն է իրականացվել:
Հատուկ գործողությունը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը հայտնել է սահմանային ծառայության սպային, որ չվերթի մեկ այլ ուղևոր ահաբեկչություն է նախապատրաստում ինքնաթիռում: Դրանից հետո Վարնա ուղևորվող 180 ուղևորներն անմիջապես դուրս են ուղեկցվել ինքնաթիռից, իսկ նրանց ուղեբեռը խուզարկվել է շների օգնությամբ:
Հաղորդվում է, որ օդանավակայանում ժամանակավորապես դադարեցվել էին թռիչքները և վայրէջքները, սակայն այժմ օդանավակայանի աշխատանքն ամբողջությամբ վերականգնվել է: