Պորտուգալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի (լուսանկարներ)
ՄիջազգայինՊորտուգալիայում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի: Այդ մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով ներքին գործերի հարցերով պետական քարտուղար Խորխե Գոմեսին:
Երկրի կառավարությունը կիրակիից մինչև երեքշաբթի երկրում սուգ է հայտարարել:
Հաղորդվում է, որ շաբաթ օրը սկսված հրդեհի դեմ պայքարող 700 հրշեջներին միացել է 360 զինվոր:
Գործակալությունը նշում է, որ սա վերջին տասնամյակների ընթացքում ամենաշատ զոհեր գրանցած ողբերգությունն է Պորտուգալիայում, որտեղ ամառվա շոգ և չոր ամիսներին հաճախ են անտառային հրդեհներ բռնկվում:
Հրդեհը, որը չի հաջողվում մարել, մոլեգնում է Պեդրոգան-Գրանդի բնակավայրում՝ Լիսաբոնից 200 կիլոմետր հեռավորության վրա: Մինչ այժմ ակտիվ են մնում հրդեհի չորս օջախ: Հաղորդվում է, որ հրդեհի պատճառը եղել է կայծակի հարվածը ծառին: Շոգ և չոր եղանակի և քամիների պատճառով կրակը արագ տարածվել է շրջակա անտառային տարածքով, ինչպես նաև անցել է հարևան բնակավայրեր:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մոտ երեսուն մարդ մահացել է ավտոմեքենաներում՝ փորձելով հեռանալ հրդեհի գոտուց:





