Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ելիսեյան պալատում ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: Հանդիպմանը քննարկման կենտրոնական թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցն է: Քննարկումների վերաբերյալ այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
Ալիևից հետո Օլանդն ընդունել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահների եռակողմ բանակցությունները կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ին, իսկ ժամը 23:00-ին տեղի կունենա պաշտոնական ընթրիք:
Փարիզում Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությամբ այսօր նախատեսվող Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպումը երրորդն է այս տարվա ընթացքում: Մինչ այդ նախագահները հանդիպել էին Սոչիում և Ուելսում' Վլադիմիր Պուտինի և Ջոն Քերիի նախաձեռնությամբ: Սա գալիս է հաստատելու այն, որ եռանախագահող պետությունների ղեկավարները վճռական են տրամադրված ԼՂ հակամարտության կարգավորման հարցում եւ հանդիպումների արդյունքում փորձում են ուղի գտնել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս պարագայում, սակայն, միայն եռանախագահող պետությունների ղեկավարների և համանախագահների ցանկությունը քիչ է: Այդ ցանկությունը պետք է լինի նաև կողմերի մոտ: