Գերմանիան արգելել է Էրդողանի թիկնապահների մուտքը, որոնք ԱՄՆ-ում ծեծել էին ցուցարարներին
ՄիջազգայինԳերմանիայի իշխանությունները չեն ցանկանում երկրում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ տեսնել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի թիկնապահներին, որոնք առնչություն են ունեցել Վաշինգտոնում երկու ամիս առաջ ցուցարարներին ծեծելու դեպքին, գրում է Welt am Sonntag թերթը, վկայակոչելով իր սեփական աղբյուրները։
Խոսքը Թուրքիայի նախագահի այն թիկնապահների մասին է, որոնց համար ԱՄՆ-ն կալանավորման օրդերներ է տրվել։ Այս քայլի մասին կառավարության ներկայացուցիչները տեղեկացրել են պատգամավորներին Բունդեսթագի փակ խորհրդակցության ժամանակ։
Գերմանական հատուկ ծառայությունները նաեւ մտավախություն ունեն, որ Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ժամանակ հնարավոր են Էրդողանի կողմնակիցների ու ընդդիմախոսների միջեւ բախումներ, աջ ու ձախ ծայրահեղականների, թուրքական սփյուռքի ու քրդերի մասնակցությամբ։ Իշխանությունների տվյալներով Գերմանիայում արգելված Քրդական բանվորական կուսակցությունը երկրում մոտ 14 հազար կողմնակիցներ ունի, որոնցից մոտ 600-ը Համբուրգում են ապրում։
Մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց, որտեղ այդ պահին գտնվում էր Էրդողանը, տեղի են ունեցել բախումներ՝ Անկարայի գործող իշխանությունների կողմնակիցների ու հակառակորդների միջեւ։ Տուժել էր ինը մարդ, որոնցից երկուսը լուրջ վիրավորումներ էին ստացել։ ԱՄՆ իշխանությունները Էրդողանի 12 թիկնապահներին կալանավորելու օրդեր են տվել։