Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը խոստովանել է պետական քաղաքականության ձախողումը
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը հանդես է եկել մի շարք անկեղծ հայտարարություններով, որոնք վկայում են իշխանությունների լուրջ ձախողումների մասին: Մասնավորապես, նա խոստովանել է լուրջ կադրային ճգնաժամի առկայությունը և երկրի պետական հաստատություններում մասնագետների ցածր մակարդակը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը՝ նշելով, որ Մեհտիևն իշխանությունների ձախողումների մասին խոսել է հոկտեմբերի 25-ին՝ Ադրբեջանի նախագահին կից Պետական կառավարման ակադեմիայի հոբելյանին ունեցած ելույթում:
Հետաքրքիր է, որ ակադեմիայի ռեկտոր Ուրխան Ալեքբերովը ելույթում հայտնել է կադրերի պատրաստման ոլորտում եղած «մեծ նվաճումների» մասին, իսկ Մեհտիևը՝ որակյալ մասնագետների դեֆիցիտի մասին:
«Պետք է բացահայտ խոստովանել, որ և՛ Նախագահի աշխատակազմը, և՛ նախարարությունները, և՛ տեղական իշխանության կառույցները բախվել են լուրջ կադրային ճգնաժամի խնդրի: Մենք բոլորս պատրաստված կադրերի կարիք ունենք, որոնք ծանոթ լինեն ժամանակակից կառավարման նրբություններին, և պետք է խոստովանենք, որ դժվարություններ ունենք բարձր պահանջների համապատասխանող կադրերի որոնման մեջ: Անձամբ ինձ, որպես աշխատակազմի ղեկավարի, ոչ մի կերպ չի բավարարում Նախագահի աշխատակազմի կադրային ռեզերվը», -ասել է նա:
Մեհտիևը քննադատել է նաև դպրոցների շրջանավարտների ցածր մակարդակը՝ չնայած պետության կողմից կրթության նյութատեխնիկական բազայի ողղությամբ կատարվող ահռելի ներդրումներին:
«Անգրագիտությունը, որը հաղթահարվել է 70 տարի առաջ, կարծես նորից վերադառնում է մեր կյանք», -նշել է նա: