Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում վատ եղանակի պատճառով մահացել է 2, տուժել 22 մարդ. «ՌԻԱ Նովոստի»
ՄիջազգայինՌուսաստանի Կենտրոնական դաշնային շրջանում, այդ թվում՝ Մոսկվայում, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով մահացել է 2 և տուժել 22 մարդ: Այս մասին РИА Новости-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը:
«Տասը մարդ հոսպիտալացվել է, ևս 12 տուժածի ամբուլատոր բուժօգնություն է ցուցաբերվել», - պատմել է գործակալության զրուցակիցը:
Դրանից բացի, փոթորկի հետևանքով խափանվել է 327 բնակավայրի էներգամատակարարումը, վնասվել են 47 բազմահարկ, մասնավոր և վարչական շինությունների տանիքները, ինչպես նաև ավելի քան 100 ավտոմեքենա է վնասվել և 1.200 ծառ տապալվել: Օդանավակայաններում հետաձգվել է ավելի քան 300 և չեղարկվել ավելի քան 30 չվերթ:
Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ Մոսկվայում անբարենպաստ եղանակային պայմանները կպահպանվեն ևս մի քանի օր:
Հիշեցնենք, որ Մոսկվային ու Մերձմոսկովյան շրջանին հունիսի 30-ին ուժեղ փոթորիկ է պատուհասել։
Ինչպես օրերս նշել էր «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնը, արևադարձային հեղեղը, որոշ ցուցանիշների համաձայն, կարող է գերազանցել ավելի քան կեսդարյա ռեկորդը և Մոսկվայի բնակիչներին հիշեցնել Հին Կտակարանի՝ Մեծ ջրհեղեղի մասին տողերը: