Քուրդ զինյալները Դիարբեքիրում և Վանում սպանել են իշխող կուսակցության երկու պաշտոնյայի
ՄիջազգայինՔուրդ զինյալները հարավարևելյան Թուրքիայում սպանել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երկու պաշտոնյայի: Այդ մասին հայտարարել են Թուրքիայի իշխանությունները, հայտնում է Reuters գործակալությունը:
Զինյալներն ուրբաթ երեկոյան իր տան մոտ կրակել են Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում կուսակցության փոխնախագահ Օրհան Մերչանի վրա: Ստացած վնասվածքներից նա հիվանդանոցում մահացել է: Զինյալները շաբաթ գիշերը սպանել են նաև Վան նահանգի Օզալփ շրջանի «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Այդին Ահիին:
Անվտանգության ուժերում աղբյուրների հաղորդմամբ՝ զինյալներն ատրճանակի սպառնալիքով Ահիին առևանգել են իր տանից, այնուհետև սպանել նրան մոտակայքում:
Երկրի էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաքը Twitter-ում հայտնել է, որ պաշտոնյաներին սպանել են «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» զինյալները: