Պայթուցիկ տեղափոխող սիրիացին փորձել է ապօրինի հատել թուրքական սահմանը
ՄիջազգայինԹուրքիայի հարավում գտնվող Հաթայի նահանգում Սիրիայի քաղաքացին փորձել է ապօրինի հատել երկրի սահմանը՝ տեղափոխելով ավելի քան հինգ կիլոգրամ տրինիտրատոլուոլ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով նահանգի վարչակազմին:
«Հուլիսի չորսին սիրիա-թուրքական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ ձերբակալվել է Սիրիայի քաղաքացին, որի մոտ եղել է 5,25 կիլոգրամ տրինիտրատոլուոլ և 9 դետոնատոր: Հետաքննությունը շարունակվում է», - ասվում է վարչակազմի հայտարարությունում:
DHA գործակալության հաղորդմամբ՝ հակաահաբեկչական գործողության ընթացքում երկրի տարբեր նահանգներում չորեքշաբթի օրը ձերբակալվել է 37 մարդ, որոնք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար: