Ամերիկուհին հարսանիքից առաջ կարողացել է նիհարել 50 կգ-ով. տեսեք,թե ինչպես
LifestyleThe Independent-ն անդրադարձել է 24-ամյա ամերիկուհու պատմությանը, ով վճռականության և ուժեղ կամքի շնորհիվ կարողացել է 50 կգ-ով նիհարել` պատրաստվելով իր հարսանիքին:
ԱՄՆ Տեխաս նահանգի բնակչուհի Հեյլի Սմիթը 125 կգ էր կշռում, երբ իր ընկերը` Մեթն, ամուսնության առաջարկություն արեց իրեն 2015-ի հուլիսին: Նայելով իր նշանադրության լուսանկարները` Հեյլին սարսափել է և հրաժարվել դրանցից թեկուզ որևէ մեկը հրապարակելուց:
Որոշելով բարեկազմ կազմվածք ձեռք բերել մինչ պսակադրության օրը` մասնագիտությամբ հոգեբան ամերիկուհին սկսում է վազել ամեն օր և վերջ է տալիս արագ սննդից օգտվելուն ու անցնում է մրգային-բանջարեղենային սննդակարգի:
Այժմ նա մարզվում է օրական երկու անգամ և հաղթահարել է առողջական խանգարումները` առատ քրտնարտադրությունն ու հոդացավերը:
Զույգն ամուսնացել է նախորդ շաբաթ, և Հեյլին իրեն իսկապես «գեղեցիկ» էր զգում իր հարսանեկան զգեստով: Այժմ նրա քաշը չի գերազանցում 75 կգ-ը: