Քաթարցի գործարարը մտադիր է ինքնաթիռով 4000 կով բերել` երկրում կաթի պահանջը բավարարելու համար
ՄիջազգայինՔաթարը պատրաստվում է համարձակ ծրագիր իրականացնել` ինքնաթիռով հազարավոր կաթնատու կովեր տեղափոխելով Գերմանիայից, ԱՄՆ-ից և Ավստրալիայից` բավարարելու երկրում սպառվող կաթի պահանջը:
Ինչպես նշում է Press TV-ն, էմիրությունն այս քայլին է գնում Սաուդյան Արաբիայի կողմից ստեղծված շրջափակման պատճառով, որը սահմանվել է անորոշ ժամանակով:
Աղբյուրի հաղորդմամբ` կովերին օդանավով տեղափոխելու միտքը պատկանում է Դոհայում գործող Էներգետիկ միջազգային հոլդինգի նախագահ, սիրիացի գործարար Մութազ ալ-Խայաթին:
Ըստ ծրագրի` հատուկ նշանակության առաջին օդանավը Քաթար կժամանի հաջորդ շաբաթ` բերելով 140 գերմանական կով:
Նախատեսվում է երկու-երեք օրը մեկ նոր ինքնաթիռներ ընդունել և 4000 կով տեղափոխել Քաթար:
Հիշեցնենք, որ Քաթարի շուրջ տնտեսական պատժամիջոցներ են սահմանել մի շարք արաբական երկրներ` վերջինիս մեղադրելով տարածաշրջանում անկայունություն ստեղծելու և ահաբեկչության ֆինանսավորման մեջ: