Լավ գումար ունենալու պարագայում Թուրքիայից շատ հեշտ է փախչելը. Սևան Նիշանյան
ՄիջազգայինԹուրքիայում բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանը հայտնել է, որ իրականում այդ երկրում փախուստ կազմակերպելը շատ հեշտ է, եթե դու ունես զգալի քանակությամբ գումար: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, մտավորականի հետ կապ է հաստատել թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք, լավ գումարի առկայության դեպքում բոլորն էլ կարող են փախչել: Կառույցներում եթե գումարը տաս անվտանգությանը, շատ հանգիստ կարող ես փախչել»,- ասել է մտավորականը:
Նիշանյանը հրաժարվել է ասել, թե որտեղ է գտնվում՝ Թուրքիայո՞ւմ, թե՞ դրա տարածքից դուրս: Նա նշել է, որ 48 ժամ սպասելու կարիք չկա: «Այս պահից սկսած ինձ կարող են ընդունել որպես փախուստի մեջ գտնվող անձի»,- ասել է լեզվաբանը:
Թուրքական մյուս լրատվամիջոցների հետ զրույցում պոլսահայ մտավորական Նիշանյանը խոստացել է, որ երբ ժամանակը գա, մանրամասնորեն կպատմի, թե ինչպես է փախել բանտից: Խոսելով այն մասին, թե ինչու է նման որոշում կայացրել՝ 2014 թվականից ազատազրկման մեջ գտնվող լեզվաբանն ասել է. «Մտածեցի, որ 3.5 տարին արդեն բավական է, եկել է ժամանակը, երբ պետք է շունչ քաշել: Սա է ամենը: Նման պայմաններում որոշում կայացրեցի Թուրքիայի թերություններից օգտվելով դուրս գալ պետության վերահսկողության տարածքից»: