Թրամփը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել, եթե Վենեսուելան հիմնադիր ժողով գումարի
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է «արագ և հզոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել», եթե Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հիմնադիր ժողով գումարի հուլիսի 30-ի քվերակությամբ, հայտնում է Reuters գործակալությունը:
«Երեկ Վենեսուելայի ժողովուրդը կրկին հստակ հայտարարեց, որ կողմ է ժողովրդավարությանը, ազատությանը և օրենքի գերակայությանը: Միևնույն ժամանակ նրանց հզոր և քաջ գործողությունները շարունակում են անտեսվել վատ առաջնորդի կողմից, ով երազում է բռնապետ դառնալ»,- հայտարարել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ եթե Մադուրոյի վարչակազմը հիմնադիր ժողով պարտադրի հուլիսի 30-ին, Միացյալ Նահանգները տնտեսական պատժամիջոցներ կսահմանի:
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել է սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ է հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում են հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով 90 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել: