Գերմանիայում կոչ են արել դադարեցնել Թուրքիային տրամադրված ֆինանսական օգնությունը
ՄիջազգայինԳերմանիայի Քրիստոնեդեմոկրատական միության Յուլիա Քլյոքները հանդես է եկել Թուրքիային որպես Եվրամիության անդամակցությանը հավակնող երկիր տրամադրվող դրամական օգնության դադարեցման կոչով, այս մասին գրում է demokrathaber.org կայքը:
«Թուրքիային տրվող գումարները հատկացվում են իրավական պետություն ստեղծելու և երկրում օրենքի գերակայություն ապահովելու համար, մինչդեռ այսօր մենք տեսնում ենք ճիշտ հակառակ պատկերը», ֊ ասել է գերմանացի քաղաքական գործիչը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ֊ն պատրաստվում է հատուկ աուդիտ անցկացնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածու դառնալուց հետո համապատասխան բարեփոխումների համար ստացած ֆինանսական միջոցների օգտագործման նպատակայնության ու արդյունավետության հետ կապված:
Ամիսներ առաջ ԵԽԽՎ-ն հավանության է արժանացրել Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեության մոնիթորինգի վերաբերյալ օրինագիծը: Օրինագծի հիմքում ընկած է Թուրքիայում վերջին շրջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ոլորտում գրանցված լուրջ հետընթացի մասին վկայող զեկույցը: