Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են ընտրություններում հաղթանակի մասին, ընդդիմությունը բողոքի ցույցերի կոչ է արել
ՄիջազգայինՎենեսուելայի սահմանադրական ժողովի ընտրություններին (հիմնադիր ժողով) մասնակցությունը կազմել է 41,5 տոկոս: Այդ մասին հայտնել է ազգային ընտրական խորհուրդը: Ընդդիմությունը չի ճանաչում այդ ընտրությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քվեարկությունը կայացել է կիրակի: Այն ուղեկցվել է բախումներով, որոնց ընթացքում ավելի քան տասը մարդ է զոհվել:
Սահմանադրական ժողովը կստանա Սահմանադրությունը փոխելու և նախագահ Նիկոլաս Մադուրոյի հակառակորդների հսկողության տակ գտնվող Ազգային ժողովը ցրելու լիազորություն:
Ընդդիմադիր կոալիցիան ընտրությունների վերաբերյալ բոլորովին այլ տվյալներ է ներկայացնում: Համաձայն դրանց՝ ընտրողների 88 տոկոսը չի մասնակցել քվեարկությանը: Ընդդիմությունը հայտարարել է, որ չի ճանաչում ընտրությունների արդյունքները և բողոքի նոր ակցիաների կոչ է անում:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիթեր Նոյերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կշարունակի խիստ միջոցներ ձեռնարկել «Վենեսուելայում ավտորիտարիզմի ճարտարապետների» դեմ:
Ավելի վաղ Վենեսուելայի ՆԳՆ-ն մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման սպառնալիքով արգելել էր ցույցերի և հանրահավաքների անցկացումը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Վենեսուելայում ապրիլի սկզբից բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել, երբ Գերագույն դատարանը որոշել էր սահմանափակել ընդդիմադիր Ազգային ժողովի իշխանությունը: Որոշումը շուտով չեղյալ էր հայտարարվել, սակայն ընդդիմության ներկայացուցիչները փողոց են դուրս եկել՝ պահանջելով դատարանի անդամների պաշտոնանկությունն ու արտահերթ ընտրությունների անցկացում: Նրանք նաև բողոքում էին հիմնադիր ժողովի գումարման դեմ՝ դա համարելով Սահմանադրությունը փոփոխելու փորձ: Ապրիլից ի վեր Վենեսուելայում ցույցերի հետևանքով ավելի քան 110 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են և ձերբակալվել: