ՆԱՏՕ-ի զորավարժությունների շրջանակում ամերիկյան զրահամեքենաները անցել են Վրաստանի քաղաքներով
ՄիջազգայինԱմերիկյան զրահատեխնիկայի մի քանի ժամ տեւող երթը սկսվել էր Վրաստանի Սենակի քաղաքից ու ավարտվել Թբիլիսիի մոտ՝ Վազիանիում, հայտնում է «Վրաստան օնլայնը»։
«Արժանի գործընկեր-2017» միջազգային զորավարժություններին մասնակցող ամերիկյան «Սթրայքեր» զրահամեքենաները ճանապարհին կանգ են առել եւս երեք քաղաքում՝ Քութաիսի, Խաշուրի ու Գորի։
Noble Partner զորավարժությունները իրականացվում են Վրաստանում արդեն երրորդ անգամ ու այս անգամ դրանք ավելի զանգվածային են լինելու։ Ընդամենը դրանց մասնակցելու է ավելի քան 2․8 հազար զինվորոկան՝ ութ երկրներից՝ Վրաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Թուրքիայից, Սլովենիայից, Հայաստանից ու Ուկրաինայից։
Վրաստանի ԶՈՒ ներկայացված են 1047 զինծառայողներով, ԱՄՆ-ն՝ 1421, Հայաստանը՝ 40, Մեծ Բրիտանիան՝ 160, Գերմանիան՝ 67, Սլովենիան՝37, Թուրքիան՝ 3, Ուկրաինան՝ 30 զինծառայողներով։
Զորավարժություններին մասնակցելու համար Գերմանիայից Վրաստան են տեղափոխվել ԱՄՆ ԶՈՒ Եվրոպական հրամանատարության սպառազինման տակ գտնվող տեխնիկա՝ գերմանական Boxer զրահամեքենաները, ամերիկյան Abrams տանկերը, Bradley հետեւակի մարտական մեքենան, Stryker զրահամեքենաները՝ վերջինները առաջին անգամ են մասնակցում զորավարժություններին։ Զորավարժությունների ավարտից հետո տեխնիկան նորից վերադարձվելու է Գերմանիա ։
Օգոստոսի 1-ին ՆԱՏՕ-ի զորավարժությունների մասնակիցների հետ հանդիպում կունենա ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որը պաշտոնական այցով Վրաստան է ժամանել։