Դինքին սպանողը ոստիկանությունում դրոշը դատախազի հրահանգով էր բացել․ թուրք զինվորական
ՄիջազգայինՍտամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում ընթացող Դինքի սպանության գործով դատավարությանը ցուցմունք է տվել գործով անցնող մեղադրյալներից Տրապիզոնի ժանդարմերիայի սպա Բիրօլ Ուստաօղլուն։
Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ դատարանի որոշմամբ կալանքի տակ գտնվող Բիրօլ Ուտսաօղլուն պատմել է, թե Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթին ձերբակալելուց հետո նախ տարել են ժանդարմերիա, որից հետո ոստիկանություն։ Նա շեշտել է, թե մամուլում Սամասթի ու ոստիկանների հայտնի լուսանկարը Թուրքիայի դրոշով հենց ձերբակալության օրն է արվել ոստիկանությունում։
«Ես փորձառու հետաքննիչ եմ եւ սկսեցի դանդաղ հարցաքննել Սամասթին։ Նա ասաց, որ Դինքին ինքն է սպանել, սակայն խուսափեց այլ անուն տալ։ Ակնհայտ էր, որ նրան հրահանգավորել էին ոչինչ չասել։ Այնուհետ սենյակ տեսախցիկ եկավ։ Սամասթը հարցրեց, թե արդյոք կարո՞ղ է դրոշ հանել։ Դատախազը հրահանգեց թույլատրել դրոշ բարձրացնել ու անպայման նկարահանել այդ դրվագը»,-ասել է ժանդարմերիայի հետախույզը։
Ըստ նրա՝ Օգյուն Սամասթի հարցաքննության ժամանակ սենյակում եղել է նաեւ «Ազգային հետախուզության» աշխատակից Ռեջեփ անունով մեկը։