Գերմանիայի ոստիկանության թուրք աշխատակցուհին լրտեսությամբ է զբաղվել
ՄիջազգայինԳերմանիայի ոստիկանությունում աշխատող ազգությամբ թուրք Դյոնգյու Յազգանը, ինչպես պարզվել է, Թուրքիայի հետախուզական կոմիտեի լրտես է, այս մասին գրում է firatnews3.news կայքը:
Գերմանական Welt am Sonntag պարբերականն այդ առիթով հայտնել է, որ Թուրքիայի հետախուզական կոմիտեի հետ նրա կապը հայտնաբերելուց հետո գերմանական ոստիկանությունը հեռացրել է նրան իր շարքերից:
Նշվում է, որ նա պարբերաբար նյութեր է տրամադրել թուրքական կողմին Գերմանիայում ապրող քրդերի, ինչպես նաև Թուրքիայում հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամների մասին:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Գերմանիայում բացահայտվել է ևս մի թուրք լրտես, ով մահափորձեր է նախապատրաստել Եվրոպայում գտնվող քուրդ քաղաքական գործիչների դեմ, այս մասին գրում է ANF գործակալությունը:
Ամիսներ առաջ Ավստրիայի Կանաչների կուսակցության պատգամավոր Պետեր Փիլզը հայտարարել է, որ Վիեննայում գտնվող Թուրքիայի դեսպանատան միջնորդությամբ Թուրքիան Ավստրիայում հետախուզական ցանց է հիմնել։ Նա նշել է, որ Թուրքիան Ավստրիա ուղարկած մահմեդական հոգևորականների միջոցով փորձում է «որսալ» Գյուլենի «Հիզմեթ» շարժման անդամներին: