ՀՀ եւ Իրանի հարաբերությունները երկողմանիից դուրս են եկել՝ վերածվելով տարածարջանային գործոնի. Ռ. Սաֆրաստյան
ՔաղաքականԱյսօր լրագրողների հետ հանդիպմանը թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, խոսելով համաշխարհային քաղաքական դրության մասին, նկատեց, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում լարվածության աճ է նկատվել: Ըստ նրա՝ այս պատկերը վտանգավոր է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:
«Մյուս կարեւոր երեւույթը Թուրքիայի ռազմավարական դերի եւ նշանակության թուլացումն է: Սա պայմանավորված է այն ռազմավարական նշանակության սխալներով, որ թույլ տվեց Էրդողանը: Մասնավորապես, խոսքս վերաբերում է Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վատթարացմանը, քանի որ այսօր կտրուկ նվազել են գերմանական ներդրումները եւ գերմանացի զբոսաշրջիկների հոսքը դեպքի Թուրքիա: Թուրքիայի ազդեցությունը թուլացել է նաեւ նրա ոչ հաշվենկատ քաղաքականության հետեւանքով, որը վարեց Սիրիայում եւ Իրաքում, իսկ արկածախնդրությունը բերում է անցանկալի արդյունքների: Ասադի իշխանությունը գնալով ուժեղանում է, գնալով ուժեղանում եւ լեգիտիմ է դառնում նաեւ քրդական ուժը՝ Սիրիայում եւ աշխարհում»,- ասաց նա՝ հավելելով, որ սեպտեմբերին տարածաշրջանում ակտիվություն կնկատվի եւ որոշ հարցեր կսրվեն, ինչը մեծապես պայմանավորված է հենց Թուրքիայի դերի թուլացմամբ:
Նրա դիտարկմամբ՝ Թուրքիայի դերի թուլացումը տարածաշրջանում հանգեցնելու է Իրանի դերի բարձրացմանը: Այս ամենի համատեքստում Սաֆրաստյանը կարեւորեց Հայաստանի պատվիրակության ներկայությունն Իրանի նախագահի երդմնակալությանը: «ՀՀ եւ Իրանի հարաբերությունները երկողմանիից դուրս են եկել՝ վերածվելով տարածարջանային գործոնի, մի գործոն, որը կայունացնող է տարածաշրջանի համար: Այն հանգամանքը, որ Ադրբեջանը չկար այդ երդմնակալության արարողությանը, ցույց է տալիս, որ Ադրբեջանը լրջորեն վերանայում է տարածաշրջանում իր վարած քաղաքականությունը»,- շարունակեց Սաֆրաստյանը: