Ամերիկացի լրագրողները Չինաստանի երկրաշարժը շփոթել են Հյուսիսային Կորեայի նոր միջուկային փորձարկման հետ
ՄիջազգայինԱմերիկացի լրագրողները նախօրեին Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ կարծել են, թե գործ ունեն Հյուսիսային Կորեայի նոր միջուկային փորձարկման հետ. այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նոուերթը նշել է, որ Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժից հետո իրենք բազմաթիվ նամակներ են ստացել լրագրողներից, որոնք ցանկացել են ճշտել արդյո՞ք Հյուսիսային Կորեան չի իրականացնում միջուկային զենքի նոր փորձարկում:
Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ դա ցույց է տալիս, թե որքան շատ է կորեական թերակղզում ստեղծված իրավիճակն անհանգստացնում մարդկանց:
Հիշեցնենք, որ երեկ Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Սիչուան նահանգում տեղի էր ունեցել 7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: