Անկախության հարցով հանրաքվեի նպատակն է կանխարգելել նոր պատերազմները. Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ
ՄիջազգայինԻրաքյան Քուրդիստանի ղեկավար Մասուդ Բարզանին հայտարարել է, որ անկախության հարցով հանրաքվեն և իրենց՝ Իրաքից անկախացումը կկանխարգելի տարածաշրջանում նոր պատերազմների սկիզբը, այս մասին գրում է bianet.org-ը:
«Անկախ Քուրդիստանի հանրաքվեի նպատակն է կանխարգելել նոր պատերազմներն ու ողբերգությունները», - ասել է Բարզանին:
Մեկնաբանելով ԱՄՆ-ի ու Իրաքի իշխանությունների կարծիքը, թե անկախության հարցով հանրաքվեի համար ճիշտ ժամանակը չէ, Բարզանին ասել է. «Իսկ ե՞րբ է գալու այդ ժամանակը: Եթե սպասենք ուրիշների համաձայնությանը՝ դա երբեք չի իրականանա»:
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին իր մտահոգությունն էր հայտնել Իրաքյան Քուրդիստանի՝ սեպտեմբերին սպասվող անկախության հանրաքվեի վերաբերյալ:
Հեյլին, մասնավորապես, շեշտել էր, որ հանրաքվեն ու դրա շուրջ ստեղծված լարված իրավիճակը կարող են շեղել Իրաքի իշխանությունների ու ժողովրդի ուշադրությունն այնպիսի առանցքային խնդիրներից, ինչպես, օրինակ, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն է։