«ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող արցախյան հիմնախնդիրն ի շահ հակամարտող կողմերի ժողովուրդների լուծել». Ա. Մանուչարյան
ՔաղաքականԵ՛վ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի ժողովուրդները պետք է պատրաստ լինեն այսպես կոչված անակնկալների: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, վերլուծաբան Աշոտ Մանուչարյանը:
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկայում կայանալիք հանդիպմանը՝ վերլուծաբանը նշեց. «Դա մեծ հաշվով Հայաստանին, հայ ժողովրդին ոչինչ չի տալու, քանի որ թելադրվում է աշխարհի ուժեղների կողմից»: Ըստ բանախոսի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարող արցախյան հիմնախնդիրն ի շահ հակամարտող կողմերի ժողովուրդների լուծել, քանի որ առաջին հերթին սպասարկում է նախագահող երկրների շահերը:
«Պետք է հասկանանք, որ ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ աշխարհի շատ պետությունների պետական համակարգերը, բարձրաստիճան պաշտոնյաները չեն ներկայացնում այդ երկրները: Հայաստանի քաղաքականություն, հայ ժողովրդի կամք, այդպիսի բաներ գոյություն չունեն: Այդ հարցերի կառավարումը գալիս է դրսից, աշխարհի ուժեղները սահմանում են՝ ով ինչով պետք է զբաղվի եւ հանկարծ ժողովուրդներին կանգնեցնում են անակնկալի առջեւ»,- շեշտեց Աշոտ Մանուչարյանը: