Սիրիական բանակն ու «Հեզբոլլահը» ԻՊ-ից ազատագրել են Լիբանանի հետ սահմանային անցակետը
ՄիջազգայինՍիրիայի կառավարական զորքերը՝ «Հեզբոլլահ» լիբանանյան շարժման զինվորների աջակցությամբ, վերահսկողություն են սահմանել Սիրիայի և Լիբանանի միջև գտնվող խոշորագույն սահմանային անցակետի նկատմամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Հեզբոլլահին» մոտ կանգնած աղբյուրը:
«ԻՊ-ի ահաբեկիչների հետ բախվելուց հետո սիրիական բանակն ու «Հեզբոլլահի» մարտիկները մտել են Սիրիայի և Լիբանանի միջև սահմանային Ռաս աշ-Շահութ անցակետի շրջանը», - ասել է գործակալության աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տվյալ անցակետը ռազմավարական նշանակություն ունի, քանի որ հանդիսանում է ԻՊ-ի գրոհայինների սպառազինման միակ ճանապարհը:
Լիբանանյան շարժման մարտիկները սիրիական բանակի հետ համատեղ շաբաթ ռազմարշավ են սկսել՝ ուղղված Լիբանանի հետ սահմանային սիրիական տարածքներն ԻՊ-ից ազատագրելուն: Հինգ օրում նրանց հաջողվել է 155 քառ. կմ-ից գրավված տարածքից ավելի քան 90 քառ. կմ տարածքն ազատագրել: