Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Մարսելի փոխքաղաքապետին
ՔաղաքականՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 28-ին ընդունել է Մարսելի փոխքաղաքապետ Դիդյե Փարաքյանին: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների միջև համագործակցությունը կարևոր դեր է խաղում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների զարգացման գործում: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։ Երկուստեք կարևորվել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության արդյունավետ գործունեությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համաժողովների անցկացմանը՝ նշելով, որ այն լավ հարթակ է ապակենտրոնացված համագործակցության բնագավառում ծրագրերի կյանքի կոչման և նոր նախագծերի մշակման համար։