Հնդկաստանը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները
ՔաղաքականՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սուարաջը շնորհավորական ուղերձներ են փոխանակել՝ Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, արտգործնախարար Նալբանդյանն իր ուղերձում արժևորում է անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված ամուր միջպետական կապերի հաստատումը՝ նշելով, որ երկու երկրների միջև առկա է բարձր մակարդակով քաղաքական երկխոսություն և լայն իրավապայմանագրային դաշտ: Էդվարդ Նալբանդյանը կարևորում է վերջերս Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Հաիդ Անսարիի այցը Հայաստան, որը նոր խթան է հաղորդել տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերություններին՝ միաժամանակ համոզմունք հայտնելով, որ հետագա բարձր մակարդակի փոխադարձ այցերն էապես կնպաստեն երկկողմ օրակարգի ընդլայնմանը: Հայաստանի և Հնդկաստան միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ հղած իր շնորհավորական ուղերձում Հնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ երկու երկրների միջև առկա սերտ հարաբերությունները հիմնված են երկու հազարամյակից ավելի պատմություն ունեցող պատմա-մշակութային կապերի վրա: Արտգործնախարար Սուարաջը ընդգծել է Հնդկաստանի պատրաստակամությունը Հայաստանի հետ հարաբերություններն առավել խորացնելու և համագործակցության նոր բնագավառներում կապեր զարգացնելու ուղղությամբ: