Իսրայելի դեսպանն 8-ամսյա բացակայությունից հետո վերադարձել է Կահիրե
ՄիջազգայինԵգիպտոսում Իսրայելի դեսպան Դավիթ Գուվրինը և դիվանագիտական առաքելության պատվիրակությունն 8-ամսյա բացակայությունից հետո վերադարձել են Կահիրե:
Այդ մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն, հղում կատարելով Եգիպտոսի պաշտոնական տեղեկատվական ՄԻՆԱ գործակալությանը:
Թել Ավիվի ներկայացուցչի վերադարձը Կահիրե տեղի է ունեցել Եգիպտոսի մայրաքաղաքում դեսպանատան անձնակազմի անվտանգության ապահովման համար միջոցառումների շուրջ բանակցությունների ավարտից շաբաթներ անց:
2016թ. Դեկտեմբերին Եգիպտոսում Իսրայելի դեսպան Դավիթ Գուվրինը և դիվանագիտական առաքելության անձնակազմը լքել էին Կահիրեն: 2017 թ. փետրվարին Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան աշխատակիցները ցուցում էին ստացել մնալ հայրենիքում՝ ելնելով իրենց անվտանգությունից:
Օգոստոսի կեսերին իսրայելական Haaretz թերթը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելի արտաքին գործերի նախարարության և հակաահաբեկչական «Շաբակ» հատուկ ծառայությունների պատվիրակությունը եգիպտացի գործընկերների հետ քննարկել են Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան աշխատանքը վերականգնելու հետ կապված անվտանգության միջոցառումների հարցը:
Թերթի աղբյուրների տվյալներով, վերջին շրջանում բանակցությունների մասնակիցները համաձայնության են հասել Իսրայելի դեսպանատան տարածքում անվտանգության միջոցառումներն ուժեղացնելու հարցում: Եգիպտոսը և Հորդանանը միակ արաբական երկրներն են, որոնց հետ Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ ունի: