ՀՀ ու Բոսնիա Հերցեգովինայի արտգործնախարարությունները փոխգործակցության հուշագիր կստորագրեն
ՔաղաքականՀայաստանի և Բոսնիա Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարությունները փոխգործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն: Երևանում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը:
«Մենք համաձայնության եկանք, որ ոչ միայն նախարարների, փոխնախարարների, այլ երկու նախարարությունների աշխատակազմերի միջև ավելի ինտենսիվ շփումներն ավելի արդյունավետ կդարձնեն մեր համագործակցությունը` նպաստելով մեզ հետաքրքրող բոլոր ասպարեզների զարգացմանը, որ այսօր քննարկել ենք»,- նշեց Ցրնադակը:
Նա հավելեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում համագործակցության հետ կապված հարցեր: Իգոր Ցրնադակը հույս հայտնեց, որ իր առաջին այցը Հայաստան կնպաստի հայ-բոսնիական հարաբերությունների խորացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության նոր փուլի հիմք կդնի: