Էդվարդ Նալբանդյանը մինչև տարվա վերջ կայցելի Բոսնիա և Հերցեգովինա
ՔաղաքականՀայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մինչև ընթացիկ տարվա վերջ կայցելի Բոսնիա և Հերցեգովինա: Երևանում Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` ընդունելով Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարարի հրավերը:
«Ես մեծ հաճույքով ընդունում եմ հրավերը: Մինչև տարվա վերջ ես կկատարեմ այդ այցելությունը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը:
Բոսնիա և Հերցեգովինայի արտաքին գործերի նախարար Իգոր Ցրնադակը հույս հայտնեց, որ այդ այցելության շրջանակներում նոր փաստաթղթեր կստորագրեն: Նա ընդգծեց, որ թեպետ այդ այցը ՀՀ ԱԳ նախարարի առաջին այցը չի լինի Բոսնիա և Հերցեգովինա, սակայն կլինի բավականին երկար դադարից հետո կատարած այց, ուստի իրենք սիրով կսպասեն նրան` որպես թանկագին և սպասված հյուր: