Ճապոնիայի ֆինանսների նախարարը Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկման պատճառով չեղարկել է ԱՄՆ այցը
ՄիջազգայինՃապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն չեղարկել է ԱՄՆ այցը՝ անվտանգության ոլորտում անորոշության պատճառով։ Ասոն պետք է մասնակցեր տնտեսական բանակցություններին, սակայն Հյուսիսային Կորեայի վերջին հրթիռային փորձարկումը նրան ստիպեց փոխել ծրագրերը։
«Մենք չգիտենք, թե ինչ կլինի Հյուսիսային Կորեայի հետ։ (Վարչապետ Սինձո) Աբեն ինձ հանձնարարել է մնալ Ճապոնիայում, որպեսզի նախազգուշական հնարավոր միջոցառումներ ձեռնարկենք՝ անվտանգության լարված իրադրության հետ կապված»,- Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Ասոն մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ կշարունակի կազմակերպել ԱՄՆ-ի հետ տնտեսական երկխոսության երկրորդ փուլի անցկացումը, որը նրա խոսքով կարող է տեղի ունենալ հոկտեմբերին՝ Արժույթի միջազգային հիմնադրամի ամենամյա նիստերից հետո։