ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հարաբերություններում «անհատական բրեյք դանս» է կատարում. Լավրով
ՄիջազգայինՄոսկվայում Վաշինգտոնի հետ վեճ չեն փնտրում, բաց են կառուցողական փոխգործակցության համար, բայց ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ հարաբերություններում «անհատական բրեյք դանս» է կատարում: Ինտերֆաքսի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մենք միշտ բարեկամաբար ենք տրամադրված եղել ամերիկացի ժողովրդի հանդեպ, կառուցողական փոխգործակցության համար հիմա նույնպես բաց ենք այնտեղ, որտեղ դա համապատասխանում է ռուսական շահերին, եւ անկեղծորեն ուզում ենք, որպեսզի երկկողմ քաղաքական մթնոլորտը կարգավորվի»,- Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում ունեցած ելույթում ասել է Լավրովը:
«Բայց, ինչպես գիտեք, տանգոյի համար երկուսն են հարկավոր, իսկ առայժմ, իմ կարծիքով, մեր գործընկերներն անհատական բրեյք դանս են կատարում»,- հավելել է նա:
Նախարարի կարծիքով՝ ԱՄՆ-ում ռուսական դիվանագիտական ներկայացուցչությունների փակումը հիվանդագին նոպա է հիշեցնում:
Օգոստոսի 31-ին հայտարարվեց, որ ԱՄՆ-ն որոշում է կայացրել փակել Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի հյուպատոսությունը, եւս երկու հյուպատոսարան էլ՝ Վաշինգտոնում եւ Նյու Յորքում: