ԵՄ-ն Լոնդոնից պահանջում է մինչեւ 2023 թվականը վճարումներ կատարել
ՄիջազգայինԵվրահանձնաժողովի կարծիքով՝ Մեծ Բրիտանիան պետք է 2019 թվականին ԵՄ-ից դուրս գալուց հետո վճարումներ կատարի Բրյուսելին մինչեւ 2023 թվականը։ «Եվրամիությունը սպասում է, որ Մեծ Բրիտանիան կկատարի տված խոստումը»,- Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է բյուջետային հարցերով եվրահանձնակատար Գյունտեր Էթինգերը։
Էթինգերի խոսքով՝ Լոնդոնը պետք է միչեւ 2020 թվականի վերջն ամբողջությամբ կատարի իր ֆինանսական պարտավորությունները, սակայն որոշակի վճարումներ պետք է կատարի նաեւ մինչեւ 2023 թվականը։
Այսպես կոչված՝ Brexit-ի համար հաշիվը Մեծ Բրիտանիայի եւ ԵՄ-ի բանակցություններում ամենավիճելի կետերից է։ Ըստ Բրյուսելի՝ Լոնդոնի նկատմամբ պահանջները կարող են տասնյակ միլիոնավոր եվրոների հասնել։
Էթինգերը նշել է, որ Մեծ Բրիտանիայի ստանձնած երկարաժամկետ պարտավորությունների թվում է մինչեւ 2020 թվականը ԵՄ-ի ընդհանուր բյուջեի մուտքերի մի մասի ֆինանսավորումը։