Ախր ես ձեզ ի՞նչ եմ արել, վաղն ինչպե՞ս եք դեմքիս նայելու. Էրդողանը՝ եվրոպացի քաղաքական գործիչներին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եվրոպացի քաղաքական գործիչները «գիշեր-ցերեկ» առանց հոգնելու քննարկում են իր անձը՝ այն դեպքում, երբ իրենք չեն կատարել Թուրքիային տված բազմաթիվ խոստումներ:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Էրդողանը նշել է, որ չի հասկանում, թե ինչ են ուզում իրենից:
«Քնում ու արթնանում են՝ Թուրքիա, քնում ու արթնանում են՝ Էրդողան...Ախր այս Էրդողանը ձեզ ի՞նչ է արել: Վաղն իմ երեսին ինչպե՞ս եք նայելու», - ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը չի խուսափել կրկին մեղադրել Գերմանիային նացիստական քաղաքականություն վարելու համար և կրկին կոչ է արել գերմանաբնակ թուրքերին Գերմանիայում սեպտեմբերի 24-ին անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայն չտալ «Թուրքիայի թշնամի» կուսակցություններին:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանի նման հայտարարությունը Գերմանիայի ԱԳՆ-ի կողմից որակվել էր որպես երկրի ինքնիշխանության դեմ նմանը չունեցած միջամտություն: