Հնդկաստանում սպանել են քաղաքական քննադատություններով հայտնի կին լրագրողին
ՄիջազգայինՀնդիկ լրագրող Գաուրի Լանքեշին սպանված են գտել իր տան շեմին Բանգալոր քաղաքում:
Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, հետաքննության նախնական տվյալներով՝ 55-ամյա հայտնի կինը սպանվել է սեպտեմբերի 5-ին՝ գլխին և կրծքավանդակին արձակված 4 կրակոցով: Ենթադրվում է, որ նրա ուղղությամբ երեք հոգի են կրակ բացել:
Տեղի ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքի վայրից հանցագործները հեռացել են մոտոցիկլետներով: Լանքեշի մարմինը հայտնաբերել են հարևանները:
Լրագրողուհին հայտնի էր կառավարության դեմ քննադատական հոդվածներով և հաղորդումներով:
Լրատվամիջոցների տվյալներով՝ անցյալ տարվա նոյեմբերին Լանքեշին 6 ամսվա ազատազրկման են դատապարտել՝ պատգամավորներից մեկի մասին իբրև թե իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակման համար: